Monthly Archives: June 2012
Մեկնարկում է ԲարՔեմփ Երևան 2012-ը
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ, հունիսի 9-10-ը հնարավորություն կունենան մասնակցելու ԲարՔեմփ Երևան 2012 ոչ պաշտոնական կոնֆերանսին։
Հայաստանյան ՏՏ ոլորտ յուրահատուկ աշխուժություն եւ ստեղծագործական ոգի բերող ԲարՔեմփը Երեւանում անցկացվում է չորրորդ տարին անընդմեջ։
Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավեդիսյանի մասնաշենքում անցկացվող ոչ պաշտոնական կոնֆերանսի մասնակիցները այս տարի կրկին հնարավորություն կունենան քննարկելու համացանցային տեխնոլոգիաները, ծրագրավորման կիրառական խնդիրները, ճարտարագիտական նորարար լուծումներն ու սոցիալական մեդիայի վերջին զարգացումները տարածաշրջանում և աշխարհում։
ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։ ԲարՔեմփի մասնակիցներն իրենք են նախապատրաստում եւ ներկայացնում զեկուցումներ, նախաձեռնում քննարկումներ։ ԲարՔեմփի օրակարգը ձեւավորվում է միայն միջոցառման բացումից հետո, երբ մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։
ԲարՔեմփ Երևան 2012-ի հովանավորներն ու աջակիցներն են` Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը և Ինտերնյուս Հայաստանը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, AtTask, BetConstruct, Be2 ընկերությունները, ռուսաստանյան RIA Novosti գործակալությունը։ Միջոցառման գլխավոր գործընկերն է Օրանժ Արմենիան:
«Մեզ հետաքրքիր է բարքեմփային շարժումը, քանի որ այն մարդկանց այլընտրանքային լրատվության ռեսուրսների հնարավորություններն ու զարգացումները անկաշկանդ մթնոլոտում քննարկելու հնարավորություն է տալիս», – ասում է Մամուլի աջակցության Ինտերնյուս հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: – «ԲարՔեմփի ձևաչափի օգնությամբ երիտասարդները, որոնց մեծ շատ են նաև լրագրողները, տեղեկանում են ինտերնետային տեխնոլոգիաների վերջին զարգացումներին»։
«Մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում այս նախագիծը, որին միացել ենք առաջին անգամ` ցանկանալով, որ համագործակցությունն ամենամյա դառնա: Վստահ ենք, որ այն բացառիկ միջավայրը, որը կստեղծվի ԲարՔեմփի ժամանակ, մտքերի և փորձի փոխանակման, ինչպես նաև միմյանց ճանաչելու և միասին ստեղծելու յուրահատուկ հարթակ կստեղծի: Կարծում ենք, որ այս իրադարձությունը, ի թիվս այլ նման միջոցառումների, չափազանց կարևոր է երկրում տեղեկատվական հասարակության ձևավորման և ստեղծագործ միտքը խթանելու համար: Որպես ինտերնետի ծառայություններ մատուցող ընկերություն և շարժական ինտերնետի առաջատարը հայաստանում` մենք մեզ պատասխանատու ենք զգում նաև երկրում վեբ միջավայրի կատարելագործմանն աջակցելու գործում», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
(Չ)կոնֆերանսին մասնակցելու համար կարելի է գրանցվել ԲարՔեմփ Երևանի կայքում՝ www.barcamp.am: Բարքամփ Երևանը կարելի է գտնել Ֆեյսբուքում` https://www.facebook.com/barcampevn, Թվիթերում հետևելով` @barcampam և գրառումներ անելով #barcampevn12 հեշթեգով:
Նախորդ տարիների ԲարՔեմփերի տեսահոլովակներն այստեղ`